Հայրենի վիճակագրությունը արձանագրել է դանդաղ, բայց և այնպես տնտեսական աճ: Այն, որ ժողովուրդը վաղուց չի վստահում ԱՎԾ-ի տվյալներին, գաղտնիք չէ: Ինչպես ասում են, «ով ինչ ցանի, այն էլ կհնձի»:
Մի կողմից` ԱՎԾ-ի վերջին 6 տարիների «նկարչությունը» տնտեսական աճի, գնաճի վերաբերյալ, մյուս կողմից` դառը իրականությունը, երբ մարդն իր մաշկի վրա չէր զգում այդ աճը, չէին կարող վստահություն ներշնչել հիշյալ կառույցի նկատմամբ: Եվ քանի որ փուչիկը պայթելու սովորություն ունի, այն պայթեց, և տարվա վերջին հայրենի վիճակագիրներն ի զորու չեղան «ապահովելու» տնտեսական աճ: Սակայն առանց վիճակագրության էլ չի լինի, այնպես որ, անցնենք թվերին։ Եվ այսպես, ըստ ԱՎԾ-ի նախնական տվյալների` 2014-ի առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմել է 3,1 % , ինչը 2,1 %-ով ցածր է պետբյուջեով նախատեսված տնտեսական աճի ցուցանիշից: Սա տրամաբանական է վերջին տարիների տնտեսական անկման պարագայում, և կախարդական փայտիկն էլ այս պարագայում չէր օգնի: Ինչևէ:
Նկատենք, որ վիճակագիրներն այս անգամ ավելի զգուշավոր են իրենց հաշվարկներում, ինչը, կարծում ենք, վատ չէ իրական տնտեսական պատկերը գնահատելու համար: Գուցե և այս զգուշավորության մեջ կա նաև քաղաքական բաղադրիչ. ԱՎԾ-ն դեռ պետք է կողմնորոշվի` իրավիճակի ինչպիսի գնահատական է հարմար նոր կառավարությանը:
Ըստ օպերատիվ տվյալների, վերջին 5 ամիսներին արդյունաբերությունում անկումը դադարել է, ինչը պայմանավորված է մայիսին արտադրության ծավալների 7,1 % աճով։ Շինարարության ոլորտում ևս անկումը դադարել է, սակայն աճը չի գերազանցել 0,5 %-ը: Հետաքրքրական է, որ բարձր աճ է գրանցվել գյուղատնտեսությունում` 5,4 %, չնայած ապրիլին տեղացած ձյանը և ցրտահարություններին:
Ակնհայտ է, որ տնտեսությունում ցանկացած դրական դինամիկայի դեպքում առաջին ազդակը լինում է ժողովրդի եկամուտը: Այսինքն, առաջին եռամսյակի տնտեսական աճի միտումները պետք է զգալ տային իրենց, սակայն վիճակագրությունը փաստում է, որ այս տարվա մայիսին, ըստ նախնական տվյալների, միջին աշխատավարձի մասով բացասական փոփոխություն է տեղի ունեցել` մասնավոր հատվածում աշխատավարձի անկում է գրանցվել: Նկատենք որ ԱՎԾ-ն առայժմ հրապարակել է նախնական տվյալները, իսկ թե ինչ տեսք կունենան դրանք հետագայում, պարզ կլինի ավելի ուշ։
Ինչ խոսք, ակնկալել կտրուկ առաջընթաց 1-2 ամսում, միամտություն է, սակայն այն, որ ժողովուրդն այս կառավարությունից սպասում է հստակ և կտրուկ քայլեր, փաստ է:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ